Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. Արծվիկ Մինասյան

Կարվի ամեն ինչ՝ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարարությունը խոստանում է անել ամեն ինչ՝ առաջիկա տարիներին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերն ունենալու համար: Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել և հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը և համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան: Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաև տեղացած, թեկուզ ոչ հորդառատ անձրևը: Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետև կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել: Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը»:

Նրա խոսքով՝ ծխի օջախները տորֆային զանգված են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է:

Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով:

«Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է ասել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարևոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք և թույլ չտանք, որ այս աղետի հետևանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին: Միջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, և դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին: Մենք կարևոր չենք համարում ասեկոսեներին պատասխանելը, այլ գերխնդիրը հրդեհն արագ հանգցնելն էր, սակայն ես տեղեկացել եմ, որ տեղեկատվություն է տարածվել, թե հատուկ պահպանվող տարածքները միայն այս հրդեհից հետո են հսկողության տակ վերցվել, կամ այնտեղ ուժեղացված հսկողություն իրականացվել: Դա այդպես չէ, դեռևս սույն թվականի հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով բոլոր ԲՀՊՏ-ներում ուժեղացված ամենօրյա, ամենժամյա հսկողության համակարգ է սահմանվել, բոլոր սարքավորումները բերվել են առաջնակարգ պատրաստվածության վիճակի, որովհետև հրդեհի հավանականությունը շատ մեծ էր, պարզ է, որ 42 աստիճանում հրդեհավտանգ վիճակն շատ ավելի է բարձրանում: Մենք պարբերաբար` ամեն օր, յուրաքանչյուր տարածքի վերաբերյալ ստանում ենք տեղեկատվություն»,-ասել է նախարարը:

Օրինակ, «Սևան» ազգային պարկի տարածքում այս օրերին երկու հրդեհ է բռնկվել, որոնք արագ կարողացել են չեզոքացնել: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հուլիսի 14-ին ժամը 14.00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում թշնամու կրակահերթից հրդեհ էր բռնկվել մեկ հեկտարի վրա: Մյուս տարածքներում դեպքեր չեն գրանցվել, բայց հրդեհավտանգ իրավիճակը դեռևս պահպանվում է:

«Ավելին ասեմ`ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ամենաբարձր հրդեհային վիճակն է սահմանվել, կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բոլոր կառույցները պետք է առաջնային պատրաստվածության վիճակում լինեն: Երբեմն հրապարակային կարծիքներ են հնչում, թե պետք է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության ռեժիմ սահմանվի: Արգելոցը ինքը` ամենաբարձր և խիստ կարգի պահպանության ռեժիմ ունեցող է: Բայց մենք, այո ունենք որոշակի խնդիրներ, կան համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «Խոսրովի անտառի» պետական արգելոցի տարածքի ամբողջականությունը խաթարում են, և արդյունքում ունենում ենք շատ բարդ պատկեր:

Գյուղացիներն այդ տարածքներում խոտհարքեր ունեն և այնտեղ հասնելու համար պետք է անցնեն արգելոցի միջով, սակայն արգելոցային ռեժիմում սահմանափակումներ կան: Կան նաև վիճելի տարածքներ, դրա համար մենք առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ ուզում ենք քննարկման առարկա դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը, լիարժեք ամբողջացնենք այն, որ մի կողմից այն որպես կենսաբազմազանության կարևոր տարածք, որպես արգելոց` լիարժեք լինի, ինչքան հնարավոր է քիչ հարաբերվի, քիչ շահերի բախումներ ունենա համայնքների, մասնավոր հատվածի հետ: Մյուս կողմից էլ համայնքների բնակիչները մտածեն, որ այդ տարածքները պետությունը ոչ թե հենց այնպես պահպանում է, այլ բնակիչների շահն է այս տարածքների պահպանությունը և առաջընթացը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, և այս առումով մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ ևս, և պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը և բարելավի վիճակը: Նկատենք նաև, որ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը` ողջ լայնությամբ հանդիսանում է էկոմիջանցքի կարևոր մի հատված:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս օրերին ակտիվ, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել այս աղետը կանխելու և հետևանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով: Պարզ է, որ կարող եք ասել, որ այն արգելոցի աշխատակիցների պարտականությունն է, բայց դեպքեր կան, երբ աշխատակիցը գրկում և մարմնով փակում է ծառը, որ այն չվնասվի: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հրամանատարներին, զինված ստորաբաժանումներին, մեր զորքերին, ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում և անգնահատելի ներդրում ունեցան մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում:

Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի: Չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային և մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»:

Անդրադառնալով օդից հրդեհաշիջման աշխատանքներին` նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ այդ լանդշաֆտի պայմաններում մարդկային ուժի կիրառումը շատ ցածր արդյունավետություն ուներ, դրա համար էլ անհրաժեշտություն առաջացավ օդից շիջման աշխատանքների իրականացում: Նախարարը կարևորել է հակահրդեհային տեխնիկական զինվածությունը և շեշտել, որ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր` ներգրավելով տեղական և միջազգային գործընկերներին և այնպես կարվի, որ առաջիկա տարիներին հնարավոր լինի ունենալ«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում