«Քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն». Երբ քիմիկոսը լաբորատորիայում և խոհանոցում աշխատում է նույն ոգևորությամբ

«Քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն». Երբ քիմիկոսը լաբորատորիայում և խոհանոցում աշխատում է նույն ոգևորությամբ

Քիմիայի ձգողության ուժը

Քիմիկոս Արմեն Գալստյանը, հնարավոր է, կենսաակտիվ միացությունների սինթեզմամբ երբևէ չզբաղվեր, եթե աներ գյուղակադեմիայի հացաբուլկեղենի բաժին տանող վերջին քայլը: Խոհարար դառնալու նրա երազանքը սկզբում զիջեց ծնողների ցանկությանը, հետո ինքնաբերաբար փոխեց ուղղությունը: Գյուղակադեմիա ընդունվելու համար քիմիա պարապելու ընթացքում Արմենը հասկացավ` իրենը քիմիան է. «Օրգանական քիմիան ինձ շատ էր ձգում: Երբ խորացա այդ առարկայի մեջ, զգացի, որ այն նաև հեռանկարային մասնագիտություն է, իսկ խոհարարությունը` հոբբի, որը մինչև հիմա իր տեղում է: Ճիշտ է, ուսման ընթացքում պատահել է, որ տարակուսել եմ,թե որ ուղղության մեջ խորանամ` օրգանական, անալիտիկ, թե ֆիզքիմիայի, բայց ամեն անգամ, երբ վերադառնում էի օրգանական քիմիային, զգում էի, որ ամենաշատը դա է ձգում: Գիտեք, քիմիան մի քիչ նման է ճաշ եփելուն, դնում ես, խառնում ու խառնում (ժպտում է,-խմբ.) »,-մասնագիտական հաջող ընտրության մասին պատմում է քիմիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ, գիտաշխատող Արմեն Գալստյանը:

Արդեն 16 տարի է` Արմենը գիտությամբ է զբաղվում: Համաշխարհային գիտության տեմպից ետ չմնալու համար նա ու գործընկերներն ունեցած հնարավորություններն առավելագույնս են օգտագործում, չունենալու դեպքում էլ ստեղծում` մարդկային ռեսուրսի ու ժամանակի հաշվին. «Շատ դեպքերում ինքներս ենք մեր ձեռքի տակ եղած նյութերից ստանում մեզ պետք եկած կառուցվածքով միացությունը: Այսինքն` սինթեզում ենք ելանյութի ելանյութի ելանյութը, հետո փոխակերպումներ անում»:

Այնքան ժամանակ չի պահանջվում ցանկալի նյութի սինթեզման, որքան որ մաքրման համար: Քիմիկոսը գործընթացի այս փուլի ամենամեծ կորուստը, սակայն, ժամանակը չի համարում, այլ` տարբեր ռեակցիաների արդյունքում առաջացող կողմնակի նյութերը, որոնք մաքրման ընթացքում դեն են նետվում: Ու դա դեռ ոչինչ, հնարավոր է` սինթեզված հիմնական միացությունն էլ չարդարացնի իրեն. «Հնարավոր է, որ սինթեզված միացությունն ունենա մեր կանխատեսած ակտիվությունը, բայց դրանից բացի, կողմնակի անթույլատրելի ազդեցություն էլ ունենա և արգելվի դրա օգտագործումը դեղարտադրության մեջ: Այսինքն` երաշխավորված չէ, որ ստացված միացությունը պարտադիր կմտնի որևէ դեղի բաղադրության մեջ: Հնարավոր է` միլիարդավոր դոլարներ ծախսվի, բայց կենսաակտիվ նյութը դեղատուն չհասնի»:

Սինթեզելով հակասնկային ակտիվության նոր կրողներ

Դեղերի բաղադրությունների ու ազդեցությունների ուղղությամբ հայ գիտնականներն աշխատել ու շարունակում են աշխատել, սակայն, ինչպես Արմենն է ասում, Հայաստանում դեղ արտադրելու մասին խոսելը դեռ շատ շուտ է. հիմնական խոչընդոտը ներդրումների պակասն է: ՀՀ-ում առայժմ սահմանափակվում են գիտական նորույթն արտոնագրելով կամ բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրելով:

Կենդանիների վրա կատարված կենսաբանական փորձակումների մասին հոդվածներն անգամ դժվարությամբ են հրապարակվում բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, քանի որ այդ փորձակումներն իրականացնելու համար ևս լիցենզիա է պետք: «Որևէ ակտիվություն առնետների վրա փորձարկելու համար անհրաժեշտ է մոտ 30-40 առնետ, որոնք սովորական առնետներ չեն, այլ հատուկ ցեղատեսակի սպիտակ առնետներ, որոնք պահվում են հատուկ միջավայրում, ունեն առանձնահատուկ սննդակարգ: Պատկերացրեք, թե քանի առնետ պետք կլինի մեր ստացած բոլոր միացությունների ակտիվությունը որոշելու համար: Դա լուրջ միջոցներ է պահանջում: Այնուամենայնիվ, որոշ փորձարկումներ անում ենք, օրինակ` մի քանի տարի առաջ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում ստուգել ենք ստացված միացությունների հակահիպօքսիկ ակտիվությունը»,-ասում է երիտասարդ գիտաշխատողը:

Գիտական համագործակցության շրջանակներում մի շարք լաբորատորիաներում շարունակվում են փորձարկումներ անել նաև հիմա, բայց ոչ կենդանիների վրա, այն թանկ հաճույք է: Ավելի հաճախ հակասնկային ու հակաբակտերիալ ակտիվություն են որոշում: Դա և´մատչելի է, և´սինթեզվող միացություններին բնորոշ: Պետրիի թասիկի մեջ միաժամանակ 5-6 միացությունների կենսաբանական ակտիվությունն են որոշում. «Մենք աշխատում ենք ստեղծել նոր կառուցվածք ունեցող միացություններ, որոնց նկատմամբ առկա դեղամիջոցներով չվնասազերծվող հարուցիչները կայուն չեն լինի: Հիմա ավելի շատ հակասնկային ակտիվությամբ օժտված միացություններ ենք սինթեզում: Վերջերս ստացել ենք մի հետաքրքիր հակասնկային միացություն, որն իր ակտիվությամբ նման է «Ֆլյուկոնազոլ»-ին: Ճիշտ է, մեր լաբորատորիան տարբեր ուղղություններով է աշխատում. սինթեզել ենք նաև հակասթրեսային, հակահիպօքսիկ ակտիվությամբ նյութեր, բայց վերջին շրջանում գերակշիռ թիվ են կազմում ազոլները, մասնավորապես` 1,2,4-տրիազոլների դասի միացությունները, որոնք կառուցվածքով նման են «Ֆլյուկոնազոլ»-ին»:

Թե հայ մասնագետների տված գաղափարներն ու մշակած մոդելները երբ և ինչպես կմտնեն ֆարմինդուստրիա, Արմեն Գալստյանը դժվարանում է կանխատեսել, բայց այն, որ մեր գիտնականների հեղինակած հոդվածների վրա հղումներ արվել են ու կարվեն, խոստումնալից է համարում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում