Սոցիոլոգը կարևորեց դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով մանկապարտեզների դերակատարությունը

Սոցիոլոգը կարևորեց դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով մանկապարտեզների դերակատարությունը

Հայաստանում ծնողների 25 տոկոսը խնդիրներ ունեն երեխային դպրոցի համար անհրաժեշտ իրերով ապահովելու առումով, հատկապես ձմեռային շրջանում: Օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար` գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ և այլ իրեր գնելու համար: Ֆինանսապես ապահոված ընտանիքների 25 տոկոսը նման խնդիր չունի, իսկ 50 տոկոսը երեխային դպրոցական անհրաժեշտ իրերով ապահովելու առումով որոշակի խնդիրները ունի, սակայն ժամանակի ընթացքում դրանք լուծում են ստանում»,- ասաց Ադիբեկյանը:

Նա նշեց, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում և մեկուսանալ իր հասակակիցներից: Սոցիոլոգը կարևորեց նաև մանկապարտեզների դերը դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով:

«Շատ կարևոր է երեխային դպրոց նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին, իսկ դա հետ է գցում երեխային դպրոցական ծրագրից»,- ընդգծեց Ադիբեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում