Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ուրացման ճարտարապետները» ֆիլմի մասին ծանուցող պաստառներն անվճար կտեղադրվեն Գլենդելի «Ամերիկանա» առևտրի կենտրոնում:

Այս մասին հայտնում է asbarez.com-ը: Օգոստոսի 17-ին ֆիլմի մասին ծանուցող պաստառների տեղադրումն «Ամերիկանա» առևտրի կենտրոնում արգելող որոշման դեմ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած ասուլիսից ժամեր առաջ հանձնախումբը «Ամերիկանա» առևտրի կենտրոնի սեփականատեր Ջեքի Լևիի ստորագրությամբ նամակ է ստացել, որ պաստառները կենտրոնում կտեղադրվեն անվճար:

Ջեքի Լևիի նամակում նաև դատապարտվում են աշխարհի բոլոր բռնարարքները, ներառյալ` Հայոց ցեղասպանությունը, որը ժխտելու Թուրքիայի քաղաքականության մասին էլ պատմում է «Ուրացման ճարտարապետները վավերագրական ֆիլմը:

Գլենդելի Հայ դատի հանձնախումբը ողջունում է այդ ուշացած, բայց կարևոր որոշումը` շեշտելով, որ սա միայն առաջին քայլն է հայության նկատմամբ «Ամերիկանա»-ի ոչ զգայուն մոտեցումը սրբագրելու ուղղությամբ:

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին, որն իր բողոքի ձայնը լսելի դարձրեց` ապահովելով «Ամերիկանա»-ի որոշման սրբագրումը:

Գլենդելի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նաև Կալիֆոռնիայի նահանգային Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոյին, Գլենդելի քաղաքապետական խորհրդի անդամներին, կոնգրեսական Ադամ Շիֆին, Լոս Անջելես գավառի վերահսկիչ Քեթրին Փարքերին և Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին, ովքեր աջակցել են հայ համայնքի կազմակերպած բողոքի արշավին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում