Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը

Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը

Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը Հայաստանում կնպաստի մարզերում հայկական ավանդական խոհանոցի և արվեստների տարածմանը, զբոսաշրջության զարգացմանը Ախթալայում և հարակից տարածքներում:

Օգոստոսի 18-ին կայացած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ այն Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր:

«Այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացել խորովածի փառատոնի նկատմամբ: Սպասվում են մեծ թվով այցելուներ: Մեր առջև դրված նպատակները քայլ առ քայլ իրականանում են: Փառատոնն իր դերակատարությունն է ունեցել Լոռվա ձորում զբոսաշրջիկների թվի ավելացման հարցում: Հպարտորեն կարող ենք նշել, որ տարածաշրջանում խոհարարական փառատոնների, միջոցառումների անցկացման առումով Հայաստանն առաջատար դիրքերում է»,-ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու հավելեց, որ արդեն արձագանքներ ունեն Վրաստանից՝ օգնելու խորհրդատվությամբ, որպեսզի այնտեղ ևս անցկացնեն Խորովածի միջազգային փառատոն:

Նրա խոսքով՝ զբոսաշրջության զարգացման առումով փառատոնը մեծ դեր ունի: Փառատոնի օրերին Վանաձորից մինչ Նոյեմբերյան հյուրանոցներն ունենում են 100-տոկոսանոց զբաղվածություն:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ևս հաստատեց այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ այս փառատոնին մասնակցելու համար: «Փառատոնը հայտնի է ոչ միայն ներքին, այլ նաև միջազգային շուկայում: Իրենց խոհանոցները կներկայացնեն նաև օտարերկրացի մասնակիցներ»,- ասաց նա:

Խորովածի փառատոնի գեղարվեստական բաժնի կազմակերպիչ Անդրե Սիմոնյանի խոսքով՝ ամեն տարվա պես այս տարի ևս մեծ շեշտ կլինի մշակութային բաժնի վրա: Այն բաղկացած է լինելու երկու հատվածից: Առաջին հատվածում կներկայացվի ժամանակակից երաժշտություն՝ ելույթ կունենա «Adana project» երաժշտական խումբը: Երկրորդ հատվածում ելույթ կունենան ժողովրդական երգիչ, երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլք: «Քանի որ փառատոնն արդեն միջազգային ուշադրություն է գրավում, մենք ընդգրկել ենք նաև այլ երկրներից երաժիշտների: Ելույթ կունենա հատուկ հյուր պոլսահայ երգչուհի Սիբիլը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:

Փառատոնը կկայանա օգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում: Ժամը 11:00-ին կսկսվի մրցութային հատվածը, իսկ ժամը 13:00-ին կկայանա փառատոնի պաշտոնական բացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում