Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին

Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ: Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Հոդվածում, մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»:

«Հարգելի պարոն Դավթյան, լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակել է «Երևան-Բաքու երկաթգծի` Արաքսի հատվածը` թալանված» վերտառությամբ հոդված»: Վերջինում նա նկարագրում է, որ «40 կիլոմետրանով երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական համակարգն ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը` խնդրում եմ հարուցել քրեական գործ նշված ռազմավարական օբյեկտի գույքի հափշտակության հատկանիշներով, ինչպես նաև Ձեր կողմից սույն հարցով ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկություն տրամադրել նաև ինձ»,- ասված է պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված դիմումում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում