Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական

Հայաստանը որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս իրանցի գործարարների համար հանդիսանում է կամուրջ Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու հարցում: Ինչպես հաղորդում է Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական, առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը:

«Հայաստանը պայծառ ապագայով երկիր է, և նրա տնտեսական ու առևտրային հարցերով պաշտոնական դեմքերն ունեն մինչև 2035 թվականը զարգացման հիանալի ծրագիր»,- ասել է Թորքանը՝ Հայաստանում բնակվող իրանցի գործարարների հետ հանդիպմանը:

Թորքանն Իրանի կառավարական և մասնավոր հատվածներին կոչ է արել օգտվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունից և բիզնես վարել երկրի հետ, միաժամանակ օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Եվրասիայի 180 միլիոնանոց և Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար, ինչպես նաև իրանական ապրանքներն ու ծառայություններն արտահանել այդ շուկաներ:

Իրանական Արաս տնտեսական գոտու պատվիրակությունը նախագահ Հասան Ռոհանիի խորհրդականի գլխավորությամբ ժամանել է Հայաստան եռօրյա այցով: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, ինչպես նաև փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն ու սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը առաջնահերթ հիմնված է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև 2000 թվականին ստորագրված համաձայնագրի վրա:

7200 կմ երկարությամբ միջանցքը Եվրոպան կապում է Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ օգտագործելով ծովային, ավտոճանապարհային և երկաթուղային տրանսպորտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում