Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը

ՀՀ ոստիկանությունը վստահեցնում է, որ արդյունավետ և հուսալի նորամուծությունների արդյունքում բանկոմատներից թալանի դեպքերը իսպառ կբացառվեն: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանկոմատների տեսանկարահանման համակարգերն այսուհետ հնարավորություն կտա հստակ իդենտիֆիկացնել բանկոմատին մոտեցող անձի դեմքը, հասակը, ինչը հնարավորություն կտա հետագայում գործողությունների ժամանակ իդենտիֆիկացնել այդ անձանց:

Բանկոմատների անվտանգության ապահովման, թալանելու նպատակով դրանց վնասման դեպքերը բացառելու և նախականխելուն ուղղված ևս մեկ նորամուծություն կարվի: Սարքերը ֆիզիկական ուժի կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու դեպքում դրանցում տեղադրված հատուկ գունանյութը կթափվի դրամատուփում առկա փողերի վրա՝ փչացնելով դրամը: Գունանյութն անջնջելի է, հետևաբար գումարն այդ դեպքում դառնում է օգտագործման համար ոչ պիտանի:

Այս պարագայում բանկոմատ թալանելու փորձերն անիմաստ են դառնում: Ներկայացված սարքերը բանկոմատներում տեղադրելու գործընթացն արդեն սկսվել: Առաջիկայում Հայաստանում գործող բոլոր բանկոմատները կունենան հատուկ գունանյութով սարքեր: Արդյունքում իսպառ բացառվելու են բանկոմատները թալանելու դեպքերը, քանի որ հանցագործությունը հանցագործի հետապնդած շահի տեսանկյունից արդյունք չի ունենալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում