Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր` գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ համայնքներ:

Ինչպես «տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի բաժնից, Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, որտեղ նախարարը հանդիպում է ունեցել համայնքապետերի, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Նրանք, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ, նշելով, որ արդյունքում 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը, մնացածը մնում է անմշակ:

Որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, որի տեղադրման առաջարկով կդիմեն ՀՀ կառավարություն: Նրա տեղեկացմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի անց: Արսեն Հարությունյանը նաև նշել է, որ մինչև ջրամբարի կառուցումը ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը, որով լուծում կտրվի առկա հարցին:

Նախարարի հետ զրույցում բարձրացվել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հարցը: Այս առնչությամբ նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի շնորհիվ ժամանակակակից գյուղտեխնիկայի ծառայություններից կկարողանան օգտվել նաև փոքր և միջին տնտեսավարողները:

Երասխավան համայնքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ում, որտեղ հիմնվելու են կեռասի, ծիրանի և խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով: Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը: Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը կսկսեն ստանալ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա: Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաև հակաանձրևային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաև հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Նա վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա:

«Վաղահաս և ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018 թվականից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչև 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով», – նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները:

Մարզպետ Արամայիս Գրիգորյանն իր հերթին տեղեկացրել է, որ մարզի համայնքներում արդեն տեղյակ են նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրի վերաբերյալ, և արդեն ցանկություն են հայտնել դիմել:

Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի սակավությունն է, ինչը պայմանավորված է երաշտով և ջրի պաշարների անբավարար քանակով: Նախարարը հավելել է, որ հնարավորության դեպքում միջոցներ կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ:

Այցի ընթացքում Սայաթ-Նովա համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և «ԲԻԳԱՄԱ-ՖՐՈՒՏ» ՍՊԸ-ի տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում:

«Ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում ևս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան», – նշել է Գայանե Նասոյանը:

Ներկայացնելով ձկնաբուծարանի գործունեությունը` Գալուստ Մարանդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի և ոսկեփայլ իշխանի բուծմամբ և վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Վրաստան և Ռուսաստան:

Նա նաև շեշտել է, որ հայկական ձկնամթերքը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան շուկայում` շնորհիվ որակական և համային բարձր հատկանիշերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում