Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին

Օգոստոսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մարտական գործողությունների և զինադադարի պայմաններում զոհված զինծառայողների մայրերի հետ, տեղեկացնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու հայրական սերն է փոխանցել հանդիպմանը մասնակից մայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց ոգին։ Նորին Սրբությունն իր վշտակցությունն է արտահայտել, ապա նշել, որ նրանց զավակներն իրենց կյանքն ընծայել են հանուն հայրենիքի ապահով ու անվտանգ կյանքի, որպեսզի իրենց մայրերն ու քույրերն ապրեն խաղաղության մեջ, ոտնակոխ չլինեն սրբությունները և երաշխավորվի ժողովրդի վաղվա օրը։

Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ նահատակված զինվորների հիշատակը նվիրական է ամենքի համար և նրանք իրենց սխրանքով ու հերոսական օրինակով պիտի շարունակեն հավերժ ապրել մեր ժողովրդի հոգում՝ առաջացնելով միմիայն հպարտության և երախտագիտության զգացում։

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծել է նաև, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է։
Պատասխանելով զինծառայողների մայրերին հուզող հարցերին՝ վերջում Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված զինվորների հոգիների հանգստության համար, ապա օրհնելով որդեկորույս մայրերին՝ նրանց մաղթել նույն հայրենասիրական ոգով, որով կրթել և դաստիարակել են իրենց զավակներին, շարունակել իրենց կարևոր առաքելությունը կյանքում։

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Երևանից և Գյումրիից Մայր Աթոռ ժամանած մայրերը Մայր Տաճարում նաև ներկա է գտնվել Ս. Պատարագի արարողությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում