Շիրակացու ճեմարանի և Քուվեյթի վարժարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը և Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսուհետև կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական և խորհրդատվական բնույթի ծրագրերի ուղղություններով։

Հաստատությունների տնօրենների միջև օգոստոսի 21-ին կնքվեց համագործակցության և բարեկամության հուշագիր։

Ծրագրերի շրջանակում կլինեն աշակերտների փոխանակում, առցանց օլիմպիադաներ, ամառային ճամբարներ, գիտակրթական խորհրդակցություններ, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների փոխանակումներ։

ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հույս հայտնեց, որ այս հուշագրի ստորագրումը օրինակ կհանդիսանա այլ դպրոցների համար։
«Մեզ համար շատ կարևոր է, որ ոչ միայն արտասահմանյան առաջադեմ գաղափարներ են ներդրվում Հայաստանում, այլև մեր երկրի նվաճումները տարածվում են նաև արտասահմանում»,- նշեց Մանուկ Մկրտչյանը։

Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանն ընդգծեց, որ իրենք մեծ ներդրում ունեն սփյուռքի հայ սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության հարցում։

«Մենք ստորագրեցինք այս հուշագիրը՝ հայեցի դաստիարակության, բարձրագույն ուսման ձգտելու և հասնելու նկատառումներով։ ՀՀ կրթության նախարարությունը մեր սպասելիքներից ավելի լավ մոտեցում ցուցաբերեց մեր հանդեպ, մեզ ուղղություններ տվեց, և իրենց միջոցով մենք ծանոթացանք Անանիա Շիրակացի ճեմարանի անձնակազմի հետ։ Մենք հպարտ ենք իրենց նվաճումներով»,- ասաց Սարկիսյանը։
Նրա խոսքով՝ իրենց ավելի հետաքրքրում է միջազգային բակալավրիատի փորձի կիրառումը վարժարանում։

«Մեր երկուսի ուսերին երջանիկ պատասխանատվություն է դրվում։ Մենք կաշխատենք արդարացնել բոլորի սպասելիքները, և, կարծում եմ, որ շուտով կներկայացնենք մեր արդյունքները»,- ասաց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը։

Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամ է Ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած Հանրակրթության պետական չափորոշիչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում