Քանդակագործը դեմ է խորհրդային գործիչների անունները կրող Երևանի փողոցներն անվանափոխելու «Ելք»-ի առաջարկին

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը դեմ է Խորհրդային Միության տարիների գործիչների անունները կրող փողոցներն անվանափոխելու «Ելք» խմբակցության առաջարկին: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը ճարտարապետն ընդգծեց, որ չի կարելի նեղացնել աշխարհայացքն ու քաղաքակրթությունը, այլ հարկավոր է ավելի լայն նայել: «Ի՞նչ է նշանակում, որ պետք է ամեն ինչ փոխել: Ցանկացած ժամանակաշրջանի առաջնորդներ ունեցել են իրենց թերությունները, սակայն անթույլատրելի է անցյալը ջնջելը»,- ընդգծեց Առաքելյանը:

Նա նշեց, որ խորհրդային տարիների գործիչները, գուցե, սխալներ արել են, սակայն շատ մարդիկ կյանքն են տվել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, ուստի անընդունելի է նման առաջարկով հանդես գալը: «Մարդկության պատմությունը քաղաքակրթության կամուրջներով է կառուցվել, չի կարելի քանդել այդ կամուրջները»,- նշեց ճարտարապետը:

Ֆերդինանտ Առաքելյանը նաև կարծիք հայտնեց, որ «Ելք»-ը, նման նախաձեռնությամբ հանդես գալով, կատարում է դրսի ուժերի պատվերը, որի նպատակը հայ և ռուս ժողովրդների բարեկամության միջև սեպ խրելն է: Նրա գնահատմամբ` այդ նախաձեռնությունը առաջին հերթին հակառուսական է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում