Լույս` բույսերի համար. հայկական ստարտափը ներդրումների դեպքում գյուղատնտեսությանը զգալի օգուտ կարող է բերել

LED լամպերով Գևորգ Հովհաննիսյանը սկսել է զբաղվել երեք տարի առաջ: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկը խանութի փչացած լամպերը բերում էր տուն, սարքում ու վերադարձնում: Չինական լամպերին երկրորդ կյանք տվող Գևորգը դրանց` ժամանակից շուտ շարքից դուրս գալու բոլոր պատճառները մանրամասն ուսումնասիրելուց հետո որոշեց` պետք է փորձի անձամբ լամպ հավաքել: Որոշեց ու արեց: 2015թ. նրա հեղինակած LED լամպը ներկայացվեց Cleantech Open ծրագրին ու հաղթող ճանաչվեց: Լուսավորության համար օգտագործվող սովորական LED լամպերով ռադիոտեխնիկը գուցե և շարունակեր զբաղվել, եթե ԵԱՏՄ-ին միանալուց հետո տեղական շուկան չլցվեր ոչ պակաս որակյալ ու մատչելի ապրանքով:

Մրցակցությանը դիմանալու համար Գևորգը հասկացավ, որ պետք է նոր բան մտածել: Ուկրաինայում ապրող ազգականի հետ թեմայի շուրջ քննարկումների արդյունքում ծնվեց նոր գաղափար` ստեղծել լամպեր, որոնք կարագացնեն բույսերի աճը: Նմանատիպ լամպերին տեղում ծանոթանալու նպատակով Գևորգը մեկնեց Օդեսա: Պարզվեց, որ այնտեղ վաճառվող այդ նշանակության մետալ-հալոգեն լամպերը բավականին հոսանքատար են և բույսերի աճն արագացնում են ընդամենը 10 տոկոսով: Վերադառնալուց հետո ռադիոտեխնիկը որոշեց` իր հավաքելիք լամպերը պետք է լինեն էներգախնայող, ինչի համար էլ կանգ առավ LED չիպերի վրա: Եվ քանի որ այդ լամպերի խնդիրը բույսերի աճն արագացնելն էր լինելու, Գևորգն ընտրեց 5630 և 5730 LED չիպեր, որոնք ունեն ֆոտոսինթեզի համար պահանջվող բոլոր գույները:

2016թ. սեպտեմբերի 9-ին նախատիպն արդեն պատրաստ էր: Նոյեմբերի արված առաջին փորձարկումն արդարացրեց Գևորգի սպասելիքները: Բացարձակ մութ տարածությունում ցանված համեմը 15 օրվա ընթացքում աճեց 10 սմ-ով:

Փորձարկման դրական արդյունքից հետո բույսերի համար նախատեսված լամպերի համար պետք էր անուն մտածել: Թիմի մյուս անդամների` Մասիսի ու Լևոնի հետ որոշվեց լամպերն անվանել նշանակությանը համապատասխան` Fitolight, այսինքն` լույս բույսերի համար: Որպես հայկական ստարտափ` Fitolight-ը ներկայացվեց «Սևան ստարտափ սամմիթ 2017»-ին, որտեղ ռուսական և չինական LED լամպերի նկատմամբ հայկականի առավելությունը ցույց տալու համար հեղինակները ներկայացրին վարունգի վրա արված փորձարկումը: Քանի դեռ արտասահմանյան տեխնոլոգիայով հավաքված լամպի լույսով աճող վարունգը ծաղկման փուլում էր, հայկական տեխնոլոգիայով հավաքածը հասցրել էր նրան, որ վարունգը բերք էր տվել:

«ԱՄՆ-ում արտադրվող «Diamond» սերիայի լամպերը, որպես բույսերի համար նախատեսված, 2017թ. լավագույնն են ճանաչվել աշխարհում, բայց դրանք ֆոտոսինթեզի սպեկտրը ստանում են չորս` մանուշակագույն, կապույտ, սպիտակ և կարմիր գույների համադրությամբ, մեր լամպերը` 12 գույների: Դրա շնորհիվ էլ մենք կարողանում ենք ստանալ ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ` 380-730 նանոմետր ալիքի երկարություն, որը հապատասխանում է տեսանելի լույսին և որի դեպքում տեղի են ունենում ֆոտոսինթեզի համար անհրաժեշտ բոլոր քիմիական ռեակցիաները»,-չինական, ռուսական և ամերիկյան լամպերն ուսումնասիրելուց հետո հայկական լամպերի առավելության մասին վստահաբար շեշտում է Գևորգ Հովհաննիսյանը:

Հայկական ստարտափի հեղինակը ստացել է 12 գույների օգնությամբ բույսի ֆոտոսինթեզն ապահովող լույս, բայց նրա աճը 40 տոկոսով արագացնելու և վերջնական արդյունք ստանալու համար մինչև այժմ հավաքված 35 վատտ հզորությամբ լամպերը թույլ են, իսկ բույսի աճի համար բավարար քանակությամբ լույս է պետք. «Մենք նախատեսում ենք 150-200 վատ հզորության լամպեր հավաքել, որոնք բույսից մեկ մետր բարձրության վրա տեղադրվելով, արևի լույսի 80 տոկոսի չափով լույս կտան: Այդ լամպերը, օրինակ Շիրակում, որտեղ արևոտ է լինում տարվա 300 օրը,  մինչև 30 տոկոս արդյունավետություն կապահովեն: Ավելի արևոտ վայրերում կարող է հասնել 40 տոկոսի»:

Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, ոչ միայն գիշերը, այլև ցերեկը, երբ ամպերը կծածկեն արևը, ֆոտոսինթեզի բոլոր փուլերն ընթանալու համար կմիացվի լամպը: Մարդկային գործոնը նվազեցնելու ուղղությամբ ևս Գևորգը մտածել է, որոշ բաներ` նաև նախագծել. «Կախված արևի լույսի թափանցելիությունից` լամպը պետք է ավտոմատ միանա կամ անջատվի: Նման մեխանիզմ կգործի նաև բույսերի հանգստի ժամանակ: Ինչպես գիտենք, բոլոր բույսերն ունեն հանգստի ռեժիմ, օրինակ` վարունգի դեպքում այն տևում է 6-8 ժամ, կարտոֆիլի դեպքում` 5-7: Այդպես կհաջողվի նաև հոսանքը խնայել»:

Գևորգը նախնական հաշվարկել է նաև հոսանքի առավելագույն ծախսը, որի անհրաժեշտությունը, սակայն, ինչպես վստահեցնում է, դժվար թե լինի. 150 -200 վատտ հզորությամբ LED լամպը մեկ ամիս 24 ժամյա ռեժիմով միացնելու դեպքում հոսանքի ծախսը կկազմի 4600 դրամ:

Ասում է` մինչև հիմա բոլոր լամպերը ձեռքով են հավաքել և հիմա ներդրումների են սպասում` համապատասխան սարքավորումը ձեռք բերելու համար: Բայց անգամ եթե 1-2 ամսից սարքավորման հարցը չլուծվի, 150 վատտանոցն էլ կհավաքեն: Ճիշտ է, այդ դեպքում որակը մի քիչ այն չի լինի, քանի որ ձեռքով հավաքելու դեպքում չիպի տաքացման ջերմասիտիճանը գերազանցում է թույլատրելին, բայց դա էլ կփորձեն:
Հաջողության դեպքում Fitolight-ը կմտնի շուկա և, հնարավոր է, այնտեղից դուրս մղի արտասահմանյան մրցակիցներին, քանի որ, ինչպես Գևորգն է վստահեցնում, թե´ որակով, թե´ մատչելիությամբ իրենց լամպերն առաջ կանցնեն շուկայի մյուս ներկայացուցիչներից.

«Գինը կախված է նրանում տեղադրված չիպից: Մենք օգտագործում ենք 5630 և 5730 LED չիպեր, որոնց դեպքում հովացումը լավ է կատարվում, և հովացուցիչներ դնելու կարիք չի լինում, որոնք իրենց հերթին հոսանք են ծախսում: Նախնական հաշվարկներով` 150-200 վատտ հզորության դեպքում Fitolight-ի լամպերը կարժենան 120-150 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ամերիկյանը 650-750 դոլար է, ռուսականը` 200-250, չինականը` 150-160: Fitolight-ի 150-200 վատտ հզորությամբ մեկ լամպը ի զորու կլինի ծածկել վեց քառ. մետր տարածք»:

Գրեթե ամեն ինչ նախագծված է, անգամ գյուղնախարարության հետ են համաձայնություն ձեռք բերել, մնում է կարևորագույն` սարքավորման հարցը լուծվի: «Գյուղնախարարը խոստացել է թե´ խորհրդատվական աջակցություն ցույց տալ, թե´ փորձարկման համար համապատասխան պայմաններով ջերմոց տրամադրել: Նա  նաև ասաց, որ եթե մեր նախագծած լամպերը թեկուզ 25 տոկոսով արագացնեն բույսերի աճը, ապա խոշոր ջերմոցատերերին կառաջարկվի օգտագործել դրանք»,-լիահույս է Գևորգ Հովհաննիսյանը:

Հայկական էներգախնայող ու բարձր արդյունավետությամբ լամպերը դեռ տեղական շուկա դուրս չեկած, հետաքրքրություն են առաջացրել նաև ԱՄՆ-ում և Նորվեգիայում: Առաջիկա փորձարկումները ևս հաջողությամբ ընթանալու դեպքում Fitolight-ը կհայտնվի նորվեգական շուկայում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում