Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:

«Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային նոր շունչ հաղորդելու և թատերական կյանքը հարստացնելու գործում: Մեր ազգային նորօրյա զարթոնքի շրջանում նորովի և առանձնահատուկ կերպով դրսևորվեց Պերճ Զեյթունցյանի հրապարակախոսական տաղանդը»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում