Հայաստանից Բարսելոնա տուրիստական հոսքը և ավիատոմսերի արժեքը չեն նվազել

Ահաբեկչական գործողությունները տարբեր երկրներում չեն ազդել Հայաստանից դեպի այդ երկրներ տուրիստական հոսքի վրա: Հոսքն ինչպես Եգիպտոս, այնպես էլ Բարսելոնա չի նվազել: Ավիատոմսերի արժեքները ևս նույնն են մնացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը:

«Նախորդ տարիներին Հայաստանից դեպի ահաբեկչական գործողություններ կատարված երկրներ ուղևորահոսքը նվազել էր, սակայն այս տարի նվազում չի նկատվել: Երկու տարի առաջ ինքնաթիռի կործանումից հետո հայերը ոչ միայն չէին մտածում Եգիպտոս, այլ նաև ցանկացած երկիր գնալու մասին: Սակայն 3-4 ամիս հետո սկսեց վերականգնվել հետաքրքրությունը Եգիպտոսի նկատմամբ: Այս տարի դեպի Եգիպտոս և Բարսելոնա տուրիստական հոսքը նույնիսկ ավելացել է»,-ասաց Մարինե Ավետիսյանն ու հավելեց, որ դեպի այդ երկրներ փաթեթի արժեքի իջեցում ևս չի եղել: Սովորաբար, նման դեպքերից հետո գործում է շատ փոքր զեղչային համակարգ, որը շատ կարճ է տևում:

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկները նման արտակարգ դեպքերում կապ են հաստատում իրենց հետ, և իրենք նրանց ուղղորդում են հայկական դեսպանատներ և հյուպատոսարաններ: Տուրիզմի փորձագետը զբոսաշրջության պետական կոմիտեին հորդորեց՝ բոլոր պահանջված ուղղություններում ունենալ կոնտակտային հեռախոսահամարներ: Այդ դեպքում զբոսաշրջիկները կապ կհաստատեն տվյալ երկրում տուրիստական ընկերության ներկայացուցչության հետ:

Հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ ցանկացած երևույթ, որը տվյալ երկրում մարդու առողջությանը և կյանքին կարող է վնասել հասցնել, հետ է պահում տուրիզմից: Սակայն, երբ դեպքերը եզակի են լինում, տուրիստների հոսքը չի նվազում: Շատերն էլ մտածում են, որ եթե ահաբեկչական գործողություն եղել է, օրինակ, Իսպանիայում, այդ երկրում այն այլևս չի լինի երկար ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում