Գերմանիայի արտաքին գործերի նախարարը խոսել է իր ընտանիքի նկատմամբ Էրդողանի սպառնալիքների մասին

 Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Էրդողանի հետ առկա լարվածության պատճառով իր ընտանիքը սպառնալիքի տակ է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Գերմանական dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Զիգմար Գաբրիելն ասել է. «Էրդողանի ոճն է, հայտնի է, որ ոմանք փորձում են նեղել կնոջս, անհանգստացնելու և խանգարելու նպատակ են հետապնդում»:

Զիգմար Գաբրիելի ընտանիքի դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները տեղ են գտել նաև Rheinpfalz թերթում:

Զիգմար Գաբրիելը թերթին տված հարցազրույցում կրկին նշել էր, որ Էրդողանի և իր միջև առկա հակասությունների ընթացքում իր կինը սպառնալիքի տակ է:

«Կինս, ով մասնագիտությամբ ատամնաբույժ է, իր ձայնային փոստին սպառնալից հաղորդագրություններ է ստացել»,– թերթի հետ զրույցում նշել էր նախարարը:

«Էրդողանը Թուրքիան վերածել է ոչ ժողովրդավար երկրի: Մեկ տարի առաջ նա քննադատում էր տեղի ունեցած հեղաշրջման փորձը, բայց հիմա նա իր սեփական հեղաշրջումն է իրականացնում՝ երկիրը տանելով դեպի բռնապետություն»,- անդրադառնալով Թուրքիայի ներքին իրավիճակին՝ ասել է Զիգմար Գաբրիելը:

Գերմանիայի արտգործնախարարը հավելել է նաև, որ Էրդողանի հակառակորդների համար ավելի դժվար ժամանակներ են գալիս, և անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն իրականացնել:

«Թուրքիայի կեսից ավելին ժողովրդավարության կողմնակից է և չի աջակցում Էրդողանին»,– ասել է նախարարը:

«Կարծում եմ, բազմաթիվ մարդիկ ցանկանում են, որ Եվրոպան ու Գերմանիան աջակցեն Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում