Մեկնարկել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը

Օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տվեց «Ուսուցիչ» նախաձեռնության մեկնարկը։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արդեն երկու տարի է իրենք մտել են կրթական համակարգի վերափոխումների շրջան. «Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրերից սկսեց ձևավորել ազգային պետական կրթական համակարգը, կատարվեց շնորհակալ աշխատանք։ Մեր ուժը նրանում էր, որ բարեփոխումները շարունակական բնույթ էին կրում։ Մենք կարողացանք ձևավորել կրթական համակարգի այնպիսի շենք, որն այսօր չափելի, ընկալելի և հասկանալի է աշխարհի համար։ Ակտիվորեն ներառված ենք միջազգային կրթական համակարգի մեջ, մեր հիմնական դաշտը եվրոպական քաղաքակրթական համակարգն է, որի մեջ է նաև ԱՊՀ երկրների կրթական համակարգը։ Մեր բարձրագույն կրթությունը Բոլոնիայի գործընթացի չափորոշիչային համակարգում է, միջին մասնագիտականը՝ Կոպենհագենի։ Այս ձևն ամբողջությամբ հասկանալի է աշխարհին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ արդեն ժամանակն է անցնելու երկրորդ փուլին, որը շատ կարևոր է։ Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ պետք է հիմնական հարց դարձնել որակի հիմնախնդիրը, որն այսօր գերակա է գերատեսչության համար։

«Մենք մի քանի մտահոգություններ ունենք՝ կրթության որակի հիմնախնդիրը կրթության մեջ ներգրավվածների և մասնագիտությունների ուղղվածության հարցն է։ Շատ մտահոգիչ է այն, որ բարձրագույն կրթական համակարգում մեր բակալավրական շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար կրթության ներկայացուցիչներ են։ Մյուս 30 տոկոսի զգալի մասը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ապա տեսնում ենք, որ բնական գիտությունների պահպանման հարցում մեծ մտահոգություն ունենք»,- շեշտեց Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կրթության համակարգը Հայաստանում դեմոգրաֆիական իր աշխարհագրությամբ բավականին բարդ իրավիճակում է զարգացել՝ սկսած հանրակրթությունից, վերջացրած բարձրագույն կրթությամբ։
Հանրակրթությունում մոտ 1400 դպրոցների մի հսկայական զանգված կա, որտեղ հաստատություններն ունեն առավելագույնը 100 աշակերտ, իսկ բարձրագույն կրթության ասպարեզում մոտ 87.000 ուսանողությանը սպասարկում են 65-ից ավելի համալսարաններ։

Նախարարը նշեց, որ սա շատ լուրջ մարտահրավեր է և ուղղակիորեն վտանգում է կրթական համակարգի որակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում