Հայաստանում քայլեր կձեռնարկվեն անտառային հրդեհներին ավելի արդյունավետ արձագանքելու ուղղությամբ

ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նախարարության առաջիկա քայլերը Հայաստանում վերջին անտառային հրդեհներից հետո` հետագայում նման դեպքերին ավելի արդյունավետ արձագանքելու համար: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբգուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարը չբացառեց, որ նախարարությունն առաջիկայում արագ արձագանքման ջոկատների և տեխնիկական զինվածության խնդիր լուծի: «Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի հատկապես անտառային հրդեհների ժամանակ, որոնք էականորեն տարբերվում են հրդեհի մյուս դեպքերից, մեր արագ արձագանքումը լինի առավել արդյունավետ»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ իրականում անելիքներ կան կապի ապահովման հարցում: «Մենք արդեն օպերատորների հետ աշխատանքներ ենք տանում, չվնասելով բնությանը, լիարժեք կապ ապահովելու ուղղությամբ, որպեսզի հետագայում դա դառնա նաև անհրաժեշտ դիտարկումների, մոնիտորինգի համար լավագույն գործիք»,- ասաց Մինասյանը:

Նախարարը նշեց,որ առաջիկայում ավելի ամբողջական պատկեր կունենան վերջին անտառային հրդեհների հետևանքով պատճառված վնասների և հնարավոր գործողությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում