Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է Հրազդանում աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Ջեներալ-էլեկտրիկ» («General Electric») ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Իվան Սապրիկինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները: Նախարարը դրական է գնահատել ամերիկյան ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցությունն ու դրանց զարգացման հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվան Սապրիկինը նշել է, որ «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը հետաքրքրված է հատկապես Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրով։ Այդ նպատակով «Ջեներալ-էլեկտրիկ» ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի շարժիչներ ու դրանց օգտագործման, այդ թվում նաև կենցաղային թափոնների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման արդյունաբերության եղանակները:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ուսումնասիրել Հրազդանում կենցաղային աղբի վերամշակման կայանի կառուցման տեխնիկական տվյալները և համագործակցության հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում