Նախարար Մանուկյանը քննարկել է չինական ընկերության կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է Չինաստանի «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ժանգ Յամենի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրով իրականացվող «Վանաձոր-1»», ինչպես նաև «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրով՝ «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների ընթացքին և ժամանակացույցին վերաբերող հարցեր։

«Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների գլխավոր կապալառու ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել, որ կանեն հնարավորը՝ աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար։

Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ «Քսիան էլեկտրաինժեներական» ընկերությանը համարում է վստահելի գործընկեր` ընդգծելով, որ հանդիպումը ազդակ է փոխգործակցության խորացման և ամրապնդման համար:

Ընկերության տնօրենը վստահեցրել է, որ իրենց համար առաջնային է որակյալ ծառայությունների մատուցումը և հույս հայտնել, որ հետագայում ևս կշարունակեն համագործակցությունը հայկական կողմի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում