Տեսանելի ամիսներին ՌԴ-ն ԼՂ հակամարտության առումով նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ նախադրյալներ չկան. Միհրան Հակոբյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` աշխատանքային այցին Սոչի, որտեղ հանդիպում է նախատեսված ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ քննարկումը կլինի կոնսուլտատիվ բնույթի` մտքերի փոխանակման, նոր իրողությունների քննարկման համատեքստում: Ըստ նրա՝ տեսանելի ամիսների ընթացքում Ռուսաստանը նոր առաջարկներով հանդես չի գա, քանի որ այդ մասին տեղեկատվություն, նախադրյալներ չկան:

-Մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և մամուլը նշում է, որ այս հանդիպումը պարիտետը պահելու համար կարող է լինել։ Ձեր գնահատմամբ՝ այդ համատեքստո՞ւմ կարելի է դիտարկել նախատեսված այս հանդիպումը:

-Կարծում եմ, որ հանդիպումը այդ ենթատեքստում չէ, հատկապես, որ ստեղծված իրավիճակում չկան այնպիսի լուրջ, խնդրահարույց հարցեր, որպեսզի արագ դիվանագիտական լուծումներ պահանջեն: Ես սա Ալիևի այցով չէի ցանկանա պայմանավորվել, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները մի քանի գլուխ ավելի բարձր մակարդակի վրա են, և հակակշիռների վերաբերյալ մամուլի հրապարակումները մի փոքր անտրամաբանական են: Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի են՝ քաղաքական, տնտեսական, ռազմական բաղադրիչների համատեքստում, և հենց այս առումով հանդիպումը պետք է դիտարկել:

-Իսկ կարծո՞ւմ եք, որ այս հանդիպմանը քայլ կարվի Ադրբեջան-Հայաստան նախագահների հանդիպումը կազմակերպելու նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ։

-Նախագահ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում փաստացիորեն նշեց, որ բանակցային գործընթաց, ըստ էության, առարկայական մասով այս պահին գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից: ՀՀ-ի և ՌԴ-ի երկրների ղեկավարները միշտ էլ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում, և ես կարծում եմ, որ անդրադարձ կլինի նաև այս խնդրին, հատկապես, որ մեր տարածաշրջանը այսօր շատ բարդ իրավիճակում է: Ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեր տարածաշրջանի գլխավոր թնջուկն է, և պետք է ենթադրել, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն այդ հարցին անդրադառնալու են կոնսուլտատիվ բնույթի՝ մտքերի փոխանակման, նոր իրողությունների քննարկման համատեքստում: ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր ձեռնարկում է, մոնիտորինգի տակ է պահում գործընթացը, հանդես է գալիս նոր առաջարկություններով` փորձելով կողմերի դիրքորոշումը հնարավորինս մոտեցնել: Ռուսական նոր մոտեցման մասին մենք տեղյակ չենք և ակնարկ էլ չկա, որ Ռուսաստանը նոր նախաձեռնություն ունի, անգամ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնության մասին տեղեկություններ չկան, ուստի ենթադրություններ անելը ճիշտ չի լինի: Կարծում եմ,որ տեսանելի ամիսների ընթացքում Ռուսաստանը նման նախաձեռնողականությամբ, նոր առաջարկներով հանդես չի գա, որովհետև մենք չունենք նման տեղեկատվություն, նախադրյալներ: Խնդիրը թողնված է Մինսկի խմբի ձևաչափին, որտեղ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հավասար մոտեցումներով փորձում է ընդհանուր հայտարարի բերել երկու կողմերին:

-Այդ դեպքում, Ըստ Ձեզ, Ռուսաստանի կողմից լիդերություն անելու շահագրգռվածությո՞ւնն է թուլացել, թե պարզապես այդ հնարավորությունը չունի` հաշվի առնելով Մինսկի խմբի մյուս երկրների դիրքորոշումները:

-Եթե մենք խնդիրը նայենք «ռեալ պոլիտիկ»-ի տեսանկյունից, ապա այս տարածաշրջանի վրա ամենամեծ ազդեցությունը և ամենամեծ լծակները Մինսկի խմբում ունի ՌԴ-ն: Բայց ներկայումս խոսել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է վերցնել նախաձեռնությունը և նոր գործընթաց սկսել, դրա վերաբերյալ նախադրյալներ չկան: Դա ո՛չ կարողության, ոչ էլ ցանկության խնդիրն է, այլ ընդհանուր քաղաքական իրողությունների խնդիրն է, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանում խախտել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, այլ փորձում է պաշտպանել տարածաշրջանի փխրուն խաղաղությունը և մեղմել սահմանային լարվածությունը, քանի որ նոր լարվածություն իրեն ձեռնտու չէ: Ռուսաստանը ստեղծված իրողություններին համապատասխան քաղաքականություն է իրականացնում:

-Հաշվի առնելով Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը, ըստ Ձեզ, Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի պաշտոնական ինչպիսի՞ դիրքորոշում կփոխանցի Ռուսաստանի նախագահին:

-Խնդիրը երկու բաղադրիչ ունի: Կարծում եմ, որ սրանով Թուրքիան փորձում է շանտաժի ենթարկել Եվրամիությանը, քանի որ ԵՄ-ի հետ ունեցած ազատ առևտրի համաձայնագրի ժամկետը լրացել է, և պետք է վերաստորագրվի, իսկ Թուրքիան ավելի արտոնյալ պայմաններ է ցանկանում և սրա համար շանտաժի քայլերի է գնում: Երկրորդ՝ Հայաստանն այս պրոցեսից կարող է լրջագույն դիվիդենտներ քաղել, քանի որ ԵԱՏՄ հիմնադիր անդամ պետություն է և ունի վետոյի իրավունք: Հայաստանը կարող է Թուրքիայի հետ ունեցած լրջագույն խնդիրների հարցում որոշակի առաջընթաց ունենալ, ինչը կարող է կապված լինել թուրքական սահմանի վերաբացման հետ, Ադրբեջանի առումով Թուրքիայի դիրքորոշման փոփոխության հետ: Հայաստանը կարող է իր պահանջները դնել և որոշակի օգուտներ քաղել, սակայն այս պահին դժվար է ասել, թե ուր կգնան քաղաքական գործընթացները։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Սարգսյան-Պուտին այս հանդիպման ընթացքում նման խնդիր չի քննարկվի և հրապարակային հայտարարություն չի լինի, քանի որ Թուրքիայի կողմից դեռևս կիսատ-պռատ հայտարարություն ունենք, և եթե այն որոշակիանա, ապա Հայաստանն արդեն իր դիրքորոշումը կհայտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում