Վարչապետը ոռոգելի հողատարածքներն ավելացնելու խնդիր է դնում

Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը, հատկապես, պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տվյալներ և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվեց առաջին կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուն պես 2-ամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:

«Խնդիրն, ինձ թվում է շատ պարզ է ձևակերպված, մենք այստեղ շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ապագա չեն ունենա, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք, մենք ջրային ռազմավարության վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր և միջին ջրամբարների կառուցման առումով… Այսօր Ջրային տնտեսության կոմիտեի առջև պետք է հստակ ձևակերպել պահանջարկը, հանձնարարականը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առավելագույն հսկողություն սահմանել այս հանձնարարականի կատարման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում