«Հայաստանի ոգին». ռուսական հեռուստաալիքը ներկայացրել է Հայաստանի մասին նկարահանած ֆիլմի երկրորդ մասը

Ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաընկերության «Սեփական աչքերով» ծրագիրը Հայաստանի մասին նկարահանած տեսաֆիլմի երկրորդ մասն է հրապարակել: «Հայաստանի ոգին» խորագիրը կրող տեսաֆիլմի երկրորդ մասում հեռուստաընկերության նկարահանող խումբը եղել է Գեղարդ վանքում, ներկայացրել վանքի պատմությունը:

Նշվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարում Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կողմից: Տեսաֆիլմի հեղինակները նկարահանումներ են իրականացնել նաև Գառնիի հեթանոսական տաճարում: Նշվում է, որ Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության առաջին դարում, երբ Հայաստանում շարունակվել է հելլենական դարաշրջանը, որը սկսվել է այն պահից հետո, երբ Հայաստանը մտել է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մեջ: «Այդ պահից սկսած հունական մշակույթը եղել է ամեն ինչում` գրականություն, թատրոն, ճարտարապետություն»,- պատմում է տեսաֆիլմի հաղորդավարը:

Նշվում է նաև, որ Գառնիի տաճարը միակ հեթանոսական կոթողն է, որը չի ոչնչացվել Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո. «Այն պահպանվել է, սակայն ավելի ուշ ավերվել է երկրաշարժի հետևանքով: Սակայն Խորհրդային Միության տարիներին այն կրկին վերականգնվել է: Այսօր այստեղ անցկացվում են բազմաթիվ փառատոններ: Օրինակ, այստեղ կարելի է հայկական դուդուկի հնչյուններն ունկնդրել»:

Տեսաֆիլմի նկարահանող խումբն այցելել է նաև Գյումրի: Նշվում է, որ Գյումրին Երևանից հետո Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքն է, ինչպես Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում