Ձերբակալվել է Շամիրամ գյուղի գերեզմանոցում մի քանի մարդու սպանության մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը

Ձերբակալվել է Շամիրամ գյուղի գերեզմանոցում կրակոցներ արձակած անձը՝ Թելման Քալաշյանը, ով չորս մարդու մահվան և յոթից ավելի մարդու հրազենային վիրավորման պատճառ էր դարձել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Արմավիրի մարզում հայտնաբերվեց օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը»,- տեղեկացնում է Ահարոնյանը:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ Թելման Քալաշյանը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք էր գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել էին տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ: 50-ամյա Թելման Քալաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-6 կետերով, 235 հոդվածի 1-ին մասով, 34-104 հոդվածի 1-ին մասով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում