«Հրապարակ». Արկադի Ղուկասյանը՝ ՀՀ նախագա՞հ

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, և դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։ Մեր տեղեկություններով, այս բոլոր պաշտոններում Սերժ Սարգսյանն ուզում է նշանակել տարիների ընթացքում իրենց հավատարմությունն ապացուցած անձանց։ Եվ քանի որ չի կարելի թերագնահատել նաև ՀՀ նախագահի դերը, ուստի այս պոստը զբաղեցնող անձն էլ պետք է վստահելի լինի։

Տարբեր անուններ են հնչում այս պաշտոնի համար, հատկապես Գագիկ Հարությունյանի անունն է շոշափվում։ Սակայն նա առողջական խնդիրներ ունի, տարիքն առաջացած է, ուստի, մեր տեղեկություններով, քննարկվում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի ու նրա ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեն։ Այս պարագայում կարող է խանգարել միայն ղարաբաղցի լինելու հանգամանքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում