Շառլ Ազնավուրի Հոլիվուդյան պատվո աստղը և հավակնոտ ծրագրերը Հայաստանում

Հոլիվուդի Փառքի ծառուղում 2618-րդ պատվո աստղը օգոստոսի 24-ին շնորհվեց լեգենդար երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։ Աստղը գտնվում է պատմական Pantages թատրոնի հարևանությամբ։

«Ես և ֆրանսիացի եմ, և հայ: Դրանք տարանջատելը հնարավոր չէ, ինչպես կաթով սուրճի մեջ չես կարող բաժանել կաթը սուրճից: Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մեկ նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,-աստղի բացման հանդիսավոր արարողությանն ասաց Ազնավուրը՝ կատակելով, որ միշտ հրաժարվում է ելույթ ունենալուց, քանի որ իր անգլերենն այնքան էլ լավ չէ:

Համաշխարհային հռչակ ու անվերապահ սեր վայելող Ազնավուրը միլիոնավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, նրա զգայական կատարումները մշակութային, ազգային ու տարիքային սահմաններ չեն ճանաչում։ Ավելի քան 70 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (դրանցից 1300-ն անձամբ է հեղինակել) և թողարկել ավելի քան 390 ձայնասկավառակ, բոլորն էլ՝ բազմալեզու։ Նրա ձայնասկավառակներից շատերը ճանաչվել են «Ոսկե» և «Պլատինե»` գրանցելով միլիոնից ավելի օրինակների վաճառք: Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում։

Ստեղծագործական հսկայական ժառանգությունից բացի, Շառլ Ազնավուրը մեծ մարդասիրական գործունեություն է ծավալում։ Նրա ակտիվ բարեգործության վկայությունն է նաև «Pour Toi Armenie» հիթային երգից ստացված ողջ հասույթի ուղղումը Հայաստանում 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին։ Մաեստրոյի բարեգործական գործունեությանը նոր լիցք հաղորդելու նպատակով 2017 թ. Շառլ Ազնավուրն ու որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի հիմնական առաքելությունն է կրթական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացումը։

Ազնավուրի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամը կներկայացնի հիմնադրամի առաքելությունն ու առաջին նախագիծը՝ Ազնավուր ինտերակտիվ թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնումը: Ամեն ոք կարող է մասնակիցը դառնալ այս բացառիկ ու հավակնոտ նախագծի՝ ներդրում կատարելով «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մեջ:

Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանում կօգտագործվեն հատուկ համակարգչային տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ թանգարանի այցելուներին հնարավորություն կընձեռվի արվեստագետի հետ քայլելու երազանքի իրականացման ճանապարհով: Կինեմատոգրաֆիայի դասընթացների, ձայնագրման ստուդիաների և միջմշակութային կրթական նախաձեռնությունների շնորհիվ Ազնավուրի թանգարանի այցելուներն անօրինակ զգացողություններ կապրեն, գիտելիք կստանան ու նոր փորձառություն ձեռք կբերեն: Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը կներկայացվի հենց իր՝ շանսոնյեի կողմից ձայնագրված աուդիոգիդի միջոցով, մի ձևաչափ, որ աշխարհում առաջին անգամ է իրագործվելու:

«Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև թանգարան ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք Հայաստանի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում»,- ասաց Շառլ Ազնավուր

Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը:

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումը, ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդի ունեցած բոլոր մարտահրավերներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»,- ասաց Նիկոլա Ազնավուրը

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում անհատներին և կազմակերպություններին՝ միանալու Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի ստեղծման նախագծին՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելով և տարածելով սիրո ու միասնության ուղերձը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում