«1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի վերջին

«1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության փառատոնն այս տարի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ կանցկացվի օգոստոսի 26-27-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում փառատոնի համակարգող Հովհաննես Կարապետյանն ասաց, որ փառատոնը հնարավորություն է տալու մասնակցներին երկու օր ապրել գյուղական կյանքով, մասնակցել տեղի աշխատանքներին, կենցաղավարությանը: «Մասնակիցները շրջելու են գյուղի բակերով եւ տեսնելու են, թե իրենց առօրյան ինչպես են անցկացնում գյուղացիները: Ցանկացողները կարող են անմիջական մասնակցություն ունենալ նաեւ մուրաբա եփելուն, խնոցիով կարագ հարելուն, օղի թորելուն, էշի փալան կարելուն, խոխոփ (առատ սոխով տապակած ոչխարի միս) պատրաստելուն եւ այլ աշխատանքներին»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով՝ փառատոնի ընթացում խարույկի շուրջ հյուրասիրություն կլինի, ցանկացողները կարող են գիշերել խարույկին հարակից վրանատեղիում՝ իրենց հետ բերելով վրաններ կամ քնապարկեր: «Հյուրերը կարող են 2500 դրամ վճարել եւ գիշերակացն անցկացնել գյուղացիների տանը: Գումարի մեջ ներառված է նաեւ առավոտյան նախաճաշը: Դրանով զարկ կտրվի հյուրատնային բիզնեսի զարգացմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում մասնակիցների համար կկազմակերպվի արշավ դեպի Տավուշի խիտ անտառ, ապա այցելություն դեպի Չարդախլուից բերված միակ խաչքար եւ հարյուր տարեկան սոսենի:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ նշեց, որ փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ, եւ հետաքրքրությունը գնալով աճում է: « Մասնակցելով այս փառատոնին՝ ոչ միայն հնարավորություն կունենաք ծանոթանալու համայնքի մշակույթին, համտեսելու այնտեղի հրաշալի ճաշատեսակները, այլեւ կնպաստեք Զորական եւ շրջակա համայնքների տնտեսության, զբոսաշրջության զարգացմանը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Փառատոնի ողջ ընթացքում կհնչի ազգագրական երգ ու պար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում