Քաղաքացիները ոչ սթափ վիճակում խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկացրին հատուկ քննչական ծառայությունից, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թ. օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն և Ս. Մ.-ն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից և խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը` վիճաբանել են Ն. Թ.-ի և Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել և հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ավտոմեքենայի վերը նշված ուղևորներից Հ. Ա.-ն իր հերթին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում բացատրությամբ հայտնել է, որ ՃՈ տեսուչ Ս. Մ.-ն էլ իրեն է հարվածներ հասցրել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում