Փաստաբանները դիմել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից, գրության մեջ նշվել է, որ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011 թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ, հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով սահմանված չէ արգելված իրերի ցանկը։

Արգելված իրերի ցանկի բացակայության դեպքում փաստաբանները հնարավորություն չունեն կանխատեսել, թե ինչ իրեր կամ առարկաներ կարող են իրենց հետ ունենալ դատարանի շենք մուտք գործելիս, իսկ դատական կարգադրիչները կարող են կամայականորեն արգելել փաստաբաններին որևէ առարկայի տեղափոխումը։

Իրավական որոշակիության պահանջը հուշում է, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանխորոշեն: Օրինակ՝ իմանան, թե որ դեպքում ինչ իրեր չեն կարող իրենց հետ ունենալ դատարանի շենք մտնելիս: Հակառակ պարագայում, դատական կարգադրիչները կարող են կամայականորեն անձանց չթույլատրել տեղափոխել ցանկացած իր (նույնիսկ անվտանգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում