«Համայնքային թափոնների կառավարման» մասին օրենքի շնորհիվ հնարավոր կլինի թափոնները արդյունավետ կառավարել

Համայնքային թափոնների կառավարման հայեցակարգով պետք է լուծվի գլոբալ խնդիր՝ համակարգային մոտեցում լինի թափոնների կառավարման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը։ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՏԿԶ նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։ 

Բախշյանն ասաց, որ դրա ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն։ Փոփոխություններ են կատարվելու նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

«Օրենքի նախագծի համաձայն՝ չնշանակված վայրում աղբի նետումը ենթադրում է 20.000-30.000 դրամի տուգանք, առանց մասնավորեցնելու, թե դա ծխախոտ է, թե բնակարանի պատուհանից նետված մեկ այլ աղբ։ Մենք քիչ տուգանքներ ենք սահմանում, բայց պետք է մարդու գրպանին հարվածելով հասնենք մեր առջև դրված նպատակների իրագործմանը։ Օրենքում խոսքը միայն աղբահանության մասին չէ, քանի որ նպատակների մեջ ավելի գլոբալ խնդիր պետք է լուծվի՝ համակարգային մոտեցում թափոնների կառավարման հարցում»,- ասաց Բախշյանը։

Նրա խոսքով՝ իրենց առաջնային խնդիրն է նվազեցնել մարդու առողջությանը վնաս հասցնող գործոնները, ամեն ինչ անել՝ բնությունից նոր ներգրավվող ռեսուրսը պակասեցնելու և վերաշրջանառության մեջ դնելու ունեցած ռեսուրսները։ Նպատակներից է թափոնների հավաքման ու կառավարման պատշաճ կազմակերպումն իրականացնելը։

«Այստեղ մենք ունենք մեծ բաց, ինչը օրենքի շրջանակներում պատրաստվում ենք փակել՝ դա աղբավայրերի կառավարումն է։ Այսօր մենք չունենք աղբավայրերի կառավարման որևէ դրական փորձ»,– նշեց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետը։

Նրա խոսքով, եթե որոշ համայնքներում աղբահանությունը կազմակերպվում է բավարար մակարդակի, ապա ոչ մի կերպ արդարացված չի հավաքված աղբի տեղափոխումը, երբ աղբաջրերը ներթափանցում են ստորգետնյա ջրեր, արտանետված գազերը մթնոլորտ են գնում։ Բախշյանը, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները ժամանակակից մեթոդների վերաբերյալ, ասաց, որ դրանք անխուսափելիորեն ազդելու են աղբահանության սակագների բարձրացման վրա։

«Մենք հիմա ունենք աղբավայրերի կառավարման հետ կապված խնդիր, քանի որ եվրոպական կառավարման ստանդարտի սակագնի որոշակի ճնշումներ կան։ Կազմակերպչական միջոցներով մենք ձգտում ենք այդ ամենը չեզոքացնել»,- ընդգծեց Արտաշես Բախշյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում