Բոլոր երկրներն էլ հաշվի են առնում այլ պետությունների հետաքրքրությունները. Քաղաքագետն արձագանքել է Ռիչարդ Միլսի հայտարարությանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանը կարող է ինքնիշխան որոշումներ կայացնել: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նախ ընդգծեց, որ այսպես թե այնպես յուրաքանչյուր երկիր` անգամ ԱՄՆ-ն, այլ երկրներից կախվածություն ունեն:

«Օրինակ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հարցերում ստիպված է հաշվի առնել Սաուդյան Արաբիայի և՛ շահերը, և՛ հետաքրքրությունները: Չկա մի երկիր, որը հաշվի չառնի իր գործընկեր, դաշնակից երկրների շահերն ու հետաքրքրությունները և այլ երկրներից կախված չլինի»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Իսկանդարյանը:

Նա հավելեց, որ բոլոր երկրներն էլ գնահատում են աշխարհաքաղաքական իրավիճակը, փորձում են հաշվի առնել գերտերությունների հետաքրքրությունները, գնահատել իրենց հնարավորությունները: «Հայաստանի սուվերենությունը կայանում է նրանում, որ կարողանում է գնահատել գերտերությունների հետաքրքրությունները և ըստ այդմ որոշել իր քաղաքականությունը: Մինչ այս պահը Հայաստանը կարողացել է պահպանել լավ հարաբերություններ թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Վրաստանի և այլ երկրների հետ»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում