Եվրամիությունը ևս Ադրբեջանին քննադատել է Մեհման Ալիևի ձերբակալության պատճառով

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մաջա Կոզյանցիչը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում անդրադարձել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Եվրամիության պաշտոնյան նշել է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի մամուլի ազատության վերաբերյալ:

Կոզյանցիչը հիշեցրել է, որ մայիսին Բաքվի դատարանը արգելեց 5 ինտերնետային լրատվամիջոցների գործունեությունը:

«Ժամանակակից հասարակություններում առանց անկախ և բազմազան մամուլի գործունեության հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն և ակտիվ քաղաքացիական հասարակություն»,– ասել է նա:

Քննադատելով և մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նա հույս է հայտնել, որ քայլեր կձեռնարկվեն իրավիճակը փոխելու ուղղությամբ:

«Մենք, որպես մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիան ընդունած կողմ, հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կկատարի արտահայտման և տեղեկատվության ազատության վերաբերյալ 10-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները»,– եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում