Վրաստանի անտառային հրդեհների դեմ պայքարած հայ հրշեջ-փրկարարները վերադարձել են Հայաստան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերն ավարտել են Վրաստանում՝ Բորժոմիի կիրճում հրդեհաշիջման աշխատանքները և վերադարձել Հայաստան:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:

Հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում՝ փրկարարներին հաջողվել է նաև կանխել կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Ետդարձի ճանապարհին փրկարարներն այցելել են հայաշատ Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակցել պատարագին՝ նոր ուժով ծառայություն իրականացնելու օրհնություն ստացել:

Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության և անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին անձամբ շնորհակալական խոսք են ուղղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը մարելու նպատակով օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մեկնել էին Վրաստան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում