Էրեբունիում պատանդ պահված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Երևանի Էրեբունի վարչական շրջանում երիտասարդ աղջկան պատանդ պահած տղամարդը ոստիկանության կողմից վնասազերծման գործողությունից հետո ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորում է ստացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Չնայած «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:

«Նույն ժամանակահատվածում, բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Հայթայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում