«Հայկական ժամանակ». ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում տեղյակ չեն՝ արդյոք Իսրայելն արգելե՞լ է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին

Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին։ Այս մասին հայտնում է իսրայելական Newsru.co.il-ը։

Հրապարակման մեջ հստակ չի նշվում, թե որ երկիրն է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն նշվում է, որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը։ Պարբերականի տեղեկություններով՝ Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի, ունի երկու հաճախորդ՝ Սերբիան և Ադրբեջան, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան։ Այսինքն՝ գնորդը, որին արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է։

«Հայկական ժամանակ»-ն այս տեղեկության վերաբերյալ զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ նման տեղեկատվություն չունի։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ փոխանցել է, որ այդ տեղեկությունը հրապարակել է ընդամենը մեկ լրատվամիջոց, ԱԳՆ-ում այն ուսումնասիրում են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում