Էդիկ Մինասյանը առանձնացրեց Արցախի կարևորագույն ձեռքբերումները

Արցախի Հանրապետության անկախության ամենակարևոր ձեռքբերումներից են անկախ պետականության ձևավորումը, հայ ժողովրդի միասնականությունը և բանակի ծնունդը: Արցախի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

«Արցախի անկախության հռչակման ամենակարևոր ձեռքբերումն էր անկախ պետության վերածնունդը, որը հիմնված է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Մյուս ձեռքբերումը` հայ ժողովրդի միասնությունն էր: Արցախի անկախությունը և այդ անկախության համար պայքարը ցույց տվեց հայ ժողովրդի միասնության հաղթանակը: Արցախյան շարժումը, որը սկսվել էր 1988 թվականին և շարունակվեց մինչև 1990-ական թվականների կեսերը, հայ ժողովրդի հաղթանակի արգասիքն էր»,– ընդգծեց Մինասյանը:

Ըստ նրա` պակաս կարևոր չէ այս 26 տարիների ընթացքում Արցախի պետականության ձևավորումը:

«Այդ ձևավորումը հետագայում արդեն հանգեցրեց Արցախի պետականության ամրապնդման գործընթացին: Պետականություն, որն ավելի ժողովրդավար է, քան անընդհատ բռնությունների մեջ պարփակված Ադրբեջանի Հանրապետությունը»,– նշեց Մինասյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը նաև կարևորեց Արցախում բանակի ծնունդը, որը մինչ օրս ապահովում է ժողովրդի անվտանգությունը և այդ անվտանգության երաշխավորն է:

«Բանակ, որն իր հզորությունը ապացուցեց նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում»,– եզրափակեց Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում