Դանիել Դեքերի «Իմ Արցախ» նախագիծը Արցախի ժողովրդի կողքին լինելու ևս մեկ նշան է

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի համերգը Արցախի ժողովրդի կողքին լինելու ևս մեկ նշան է: «Իմ Արցախ» նախագիծը նվիրված է Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25-ամյակներին: Օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Դանիել Դեքերը:

«Շատ երիտասարդ էի, երբ ԱՄՆ-ում հեռուստացույցով լսեցի Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի մասին: Դա առաջին բանն էր, որ երբևէ լսել էի Հայաստանի մասին: Եվ այդ ժամանակ չէի պատկերացնում, թե Հայաստանը որքան հարազատ կդառնա ինձ: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2001-ին: Այս այցս արդեն 17-րդն է: Ամեն անգամ հիանում և զարմանում եմ Հայաստանի հետ իմ կապով: Ես միշտ ուղիներ եմ փնտրում՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու: Հիշում եմ Արցախի վերջին կռիվը, այդ ժամանակ ևս այցելել էի Հայաստան»,-ասաց Դանիել Դեքերը:

Նրա խոսքով՝ Արցախում սեպտեմբերի 3-ին կայանալիք համերգին կլինի երկու երգի՝ «Արաքս»-ի և «Իմ Արցախ»-ի պրեմիերան: «Արաքս» երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Գևորգյանը: «Իմ Արցախ»-ը զրույց է Արցախի և նրա ժողովրդի միջև:

«Յուրաքանչյուրս մեր դերն ունենք՝ աշխարհը դարձնելու ավելի լավը: Յուրաքանչյուրը կարող է իր անկյունում ոտքի կանգնել և գործել: Իմ անկյունը Հայաստանն է, հայ ժողովուրդը: Ես ոչինչ չեմ կարող փոխել, սակայն կարող եմ գնալ Արցախ, լինել ժողովրդի կողքին: Ուզում եմ, որ ժողովուրդը ապահով ու վստահ զգա իրեն»,-ասաց երգիչն ու հավելեց, որ իր ամենամեծ հպարտությունը եղել է, երբ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին դարձել է Հայաստանի քաղաքացի:

Նրա խոսքով՝ այն ժամանակից, երբ «Ադանա» երգն էր գրում, համոզված էր, որ ինքն անպայաման կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»: «Ես գիտեմ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, այն մասին, թե ում են պատկանում Արաքսը և Արցախը: Ես կանգնած եմ միայն ճշմարտության կողքին: Եթե կա «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ ներառվելու»,-ասաց Դեքերը:

Նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանու ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում