ԱՄՆ-ի օդուժը զորավարժություններ է անցկացրել Կորեական թերակղզու շրջանում

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է YTN հարավկորեական հեռուստաալիքը: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս զորավարժությունները նախազգուշացում են դարձել ԿԺԴՀ-ի հասցեին՝ նրա վերջին հրթիռային փորձարկումների կապակցությամբ:

B-1B ռմբակոծիչները փոխադրվել են Գուամ կղզու ռազմակայանից, իսկ F-35B-ները՝ Ճապոնիայի տարածքից:

Նաեւ վարժանքներին մասնակցել են KC-135 Stratotanker լցավորող ինքնաթիռը եւ F-15K հարավկորեական կործանիչ-ռմբակոծիչների միավորումը: Զորավարժությունների ընթացքում ինքնաթիռները ռմբանետման եղանակներ են փորձարկել Հարավային Կորեայի արեւելքի Կանվոնդոյի նահանգում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում