Մեհման Ալիևի պաշպանության քայլեր են ձեռնարկվում

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նամակ է ուղարկել և կոչ արել ազատ արձակել «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Amnesty International-ը Ալիևին ուղարկված նամակում խստորեն քննադատել է անկախ լրագրողի ձերբակալությունը:

Նամակում նշվում է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը նույնպես ուղղված է այդ երկրում անկախ մամուլը լռեցնելուն և խոսքի ազատության սահմանափակմանը:

«Մեհման Ալիևի նկատմամբ առաջադրված մեղադրանքներն այն նույն մեղադրանքներն են, որ վերջին տարիներին Ադրբեջանի վերնախավը կիրառում է իշխանությանն քննադատներին լռեցնելու նպատակով»,-ասված է կազմակերպության հրապարակման մեջ:

Ադրբեջանի իշխանություններին Մեհման Ալիևի ազատ արձակման պահանջ են ներկայացրել նաև Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունները:

Մեհման Ալիևի ձերբակալությանն անդրադարձել է ԱՄՆ սենատոր Մարկո Ռիբիոն, ով նույնպես պահանջել է ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին:

«Ադրբեջանի իշխանություններից պահանջում եմ անմիջապես ազատ արձակել հայտնի լրագրող Մեհման Ալիևին: Ո՛չ մամուլի ազատության դեմ ուղղված ճնշումներին»,- իր թվիթերյան միկրոբլոկում գրել է սենատորը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարովան, Սաիդա Գոջամանլըն, Սադդաթ Բանանյարլըն, Ավազ Հասանովը, Միրավի Գահրամանլըն, Արզու Աբդուլլաևան և Զելիհա Թահիրովան դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` հայցելով Մեհման Ալիևին առաջադրված մեղադրանքների շուրջ արդար հետաքննություն, և խնդրել ազատ արձակել նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում