Տղամարդը խաբեությամբ տիրացել է քաղաքացիների հեռախոսներին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիներից խաբեությամբ բջջային հեռախոսներ հափշտակած անձի ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. մայիսի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:15- ի սահմաններում, Երևան քաղաքում գործող համակարգչային տեխնիկայի խանութներից մեկում ոմն Կարեն, հետագայում վճարելու պատրվակով, վերցրել է քաղաքացու «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը, սակայն գումարը չի վճարել և տիրացել հեռախոսին՝ պատճառելով գույքային վնաս: Նույն մեխանիզմով հեռախոսի հափշտակության մասին ահազանգ է ստացվել նաև 2017թ. մայիսի 28-ին. քաղաքացին ահազանգել է, որ նույն օրը՝ ժամը 12.20-ի սահմաններում, Երևանում գործող հագուստի խանութներից մեկում ոմն Կարեն, գնելու պատրվակով, վերցրել է իր «Այֆոն» ապրանքանիշի բջջային հեռախոսը, սակայն գումարը չի տվել և խաբեությամբ յուրացրել է այն։ Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն իրականացնելու համար ստացվել են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և նախաքննություն իրականացնելու մասին: Նախաքննության ընթացքում ստացվել են հագուստի խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված միջին տարիքի, բարձրահասակ, ակնոցներով տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն հորդորում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան,որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում