Պետդեպը զբոսաշրջիկներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության մշտական սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն օգոստոսի 31-ին երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայի ամբողջ տարածքում ահաբեկչական գործողությունների մշտական սպառնալիքի մասին:

Գերատեսչությունը համապատասխան հայտարարությունը տարածել է ամերիկացի զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Պետդեպարտամենտն ԱՄՆ-ի քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ Եվրոպայում ահաբեկչական գործողությունների մշտական սպառնալիքի մասին: Ճանապարհորդների համար այս ծանուցումը գործում է մինչեւ 2017 թվականի նոյեմբերը: Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Ֆինլանդիայում լայն լուսաբանում ստացած վերջին պատահարները վկայում են այն մասին, որ «Իսլամական պետությունը», «Ալ Քաիդան» եւ դրանց հետ կապված կառույցները հնարավորություն ունեն ահաբեկչական գործողություններ պլանավորել եւ իրականացնել Եվրոպայում»,– ասված է փաստաթղթում: Հայտարարության մեջ նշված է, որ ահաբեկիչներն «Իրենց ուշադրությունը կենտրոնացնում են հանրաճանաչ տուրիստական վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների, առեւտրական կենտրոնների եւ մունիցիպալ իշխանությունների շենքերի վրա», ինչպես նաեւ «հյուրանոցների, ակումբների, ռեստորանների, պաշտամունքի շինությունների, զբոսայգիների, ուսումնական հաստատությունների վրա»,– հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում