Արցախ այցելած կանադացի պատգամավորները հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Globe and Mail-ը:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատգամավորներին մեղադրել է «հայկական կողմի քարոզչության» համար: Կանադացի պատգամավորների կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Կանադայի կառավարությանը՝ ընդգրկելով նրանց իր «սև ցուցակում»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 30-ին ընդունել էր փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։ Նրանց ուղեկցում էր Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը: Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում