«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ, որի հետևանքով այրվել է ընկերության 2-11 տեղամասի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում պահեստավորված քիմիական՝ լաք-էթինոլ դյուրավառ նյութը, մասամբ փլուզվել բետոնե տարողությունների տանիքները, դեֆորմացվել տանիքի մետաղական ճաղավանդակները, այրվել հարակից տարածքի չոր բուսածածկույթը:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի(դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ) հատկանշներով, մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում