Անազատ մամուլ ունեցող Ադրբեջանը ԵԱՀԿ-ում փորձել է «խրատներ տալ» ԱՄՆ-ին և ԵՄ-ին

ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, մոռանալով իր երկրում հարյուրավոր ընդդիմադիր գործիչների հետապնդման ու ազատազրկման դեպքերի մասին, փորձել է ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների նկատմամբ:

Ուշագրավ է, որ հայտարարության վերջում ադրբեջանական պատվիրակության անդամները հորդորել են ԵԱՀԿ անդամ երկրներին «հավատարիմ մնալ ԵԱՀԿ հանձնառություններին»:

Խիստ տարօրինակ է մամուլի ազատության մասին «խրատներ» լսել մի երկրից, որը Reporters Without Boders կազմակերպության կազմած Մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում 180 երկրների շարում զբաղեցրել է ընդամենը 162-րդ հորիզոնականը: Միջազգային իրավապաշտպան մեկ այլ՝ Freedom House կազմակերպությունը 2017 թվականի ազատության իր ինդեքսում Ադրբեջանը ներկայացրել է որպես անազատ երկիր՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այդ երկրում մամուլի և լրագրողների, բլոգերների նկատմամբ ճնշումների վրա:

Human Right Watch կազմակերպությունն էլ 2017 թվականի զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրել ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վրա: Մասնավորապես, այն հիշեցրել է Meydan TV-ի և Azadliq-ի դեմ հարուցված քրեական գործերն ու լրագրողների նկտամամբ իրականցվող հետապնդումները:

Ուստի առնվազն տարօրինակ է տեսնել, թե ինչպես է սեփական լրագրողներին ազատ խոսքի ու մասնագիտական գործունեության համար մի քանի տարվա ազատազրկման դատապարտելու փորձառություն ունեցող Ադրբեջանը պաշտոնական հարթակներում հանդես գալիս այլ երկրի ԶԼՄ-ների ազատության քննադատությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում