Սանկտ Պետերբուրգում նշվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվել է հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացել Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորել է ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ արցախցիների տոնը համայն հայության տոնն է, քանի որ անկախության տարիների նվաճումները ձեռք են բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է արցախյան ազատամարտին, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ԱՊՀ երկրներից փախստական և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառումների շարքը եզրափակվել է Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում