Փաստաբանների պալատի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրվել

Փաստաբանների պալատի նոր նախագահի ընտրություններում միակ թեկնածուն ՓՊ գործող նախագահ Արա Զոհրաբյանն է:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալում:

Նրա կարծիքով, այլ թեկնածուների չլինելու պատճառը նրանց ինքնավստահության պակասն է:

«Երևի, վստահ չեն մնացածները, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց վստահության քվեն նրանց կտրամադրի: Ես չեմ ասում, որ արժանիքներով որևէ մեկից ավելի լավն եմ, ես այդպիսի մեծամտությամբ չեմ տառապում: Կարծում եմ, որ իմ ընդդիմախոսներն իրենց ծայրահեղ դրսևորումներում անուղղակիորեն վիրավորանքներ էին հասցնում փաստաբաններին»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա համար վիրավորական է, երբ ընդդիմախոս փաստաբանները հիշում են, որ որակյալ փոքրամասնություն են, կամ երբ նշում են, որ նոր արտոնագիր ստացած փաստաբանը դեռ փաստաբան չի կարող համարվել, քանի որ չի անցել ինչ-որ ճանապարհ:

«Ինձ համար վիրավորական է նաև, որ ասում են, թե իբր բոլոր փաստաբանները ճնշված են, երբ նշում են, որ փաստաբանների պալատը կարողանում է վարչական ռեսուրս կիրառել փաստաբանների նկատմամբ: Ես ցանկանում եմ որպես մեկնաբանություն ասել, որ փաստաբանների պալատը գերատեսչական շահ չունի, ի տարբերություն այլ պետական կառույցների»,- ընդգծեց Փաստաբանների պալատի նախագահը:

Նա շեշտեց, որ եթե որոշ փաստաբաններ ուզում էին փրկել փաստաբանների պալատն իրենից, լավ կլիներ, որ ընտրություններին ընդդիմախոսները միասնական թեկնածուով հանդես գային:

«Եթե նրանք կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և իրենց պատկերացմամբ կործանարար գործունեություն ծավալում, այս իրավիճակում վստահ եմ, որ պետք է առաջադրեին իրենց թեկնածուին և փրկեին պալատն ինձանից»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա պնդմամբ՝ ամեն դեպքում, եթե նա միակ թեկնածուն է՝ չի նշանակում, որ անպայման ընտրվելու է:

«Հնարավոր է՝ փաստաբանների կեսից ավելին չմասնակցի ընտրությանը, և 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում չըտնրվեմ, կամ էլ ուղղակի բոլորը դեմ քվեարկեն»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Իր պաշտոնավարման տարիներին պալատում կատարված փոփոխությունների մասին ՓՊ նախագահն ասաց, որ ստեղծվել են հանձնաժողովներ, ինստիտուտներ և խորհուրդներ:

«Վերջին 4 տարվա ընթացքում իմ աշխատանքի ընթացքում ստեղծվել է փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով, մարզերում կան մարզային համակարգողի գրասենյակներ, ստեղծվել է փաստաբանների երիտասարդական խորհուրդ, որի գործառույթը երիտասարդ փաստաբաններին պալատին ինտեգրելն է, ստեղծվել է արագ արձագանքման խորհուրդ և այլն»,- նշեց ՓՊ նախագահը:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում