Փարիզի դատարանը կքննի Ադրբեջանը «բռնապետություն» անվանած ֆրանսիացի լրագրողի դեմ հարուցված քրգործը

Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները: Լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ այն բանի համար, որ երկու տարի առաջ այդ երկիրը, երբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել էր Ադրբեջան, կոչել են «բռնապետություն»:

Լրատվամիջոցներն այս դատական գործը որակել են որպես Բաքվի կողմից « իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

France 2 հեռուստաալիքով 2015 թվականի սեպտեմբերին լրագրող Լյուզեն , խոսելով Օլանդի այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»: Մյուս լրագրողը՝ Ռիչարդը, France Info ռադիոյին տված հարցազրույցում ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել:

«Ազատ խոսքի իրավունքից օգտված ֆրանսիացի լրագրողների դեմ դատական գործ հարուցելով Ադրբեջանի կառավարությունը ցուցադրում է քննադատության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայությունը: Մենք չպետք է թույլ տանք Բաքվին գրաքննությունն արտահանել Ֆրանսիա»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում