Բակաու քաղաքում ռումինահայ ֆիլմի եւ թատրոնի փառատոն է կազմակերպվել

Ռումինիայի Բակաու քաղաքի կենտրոնում՝ Եռագույնի հրապարակում, Սեպտեմբերի 1-3-ին Ռումինիայի Հայոց Միության Բակաուի մասնաճյուղը (նախագահ Հակոբ Վասիլե) Բակաուի քաղաքապետարանի հովանու ներքո կազմակերպել էր Հայկական ֆիլմի եւ թատրոնի 5-րդ փառատոնը, որը կրում էր «Հայաստան» անունը եւ որին մասնակցեցին հազարավոր ռումինացիներ։

Եռօրյա փառատոնի ընթացքում ռումինահայ տարբեր ռեժիսորներ ներկայացրին իրենց ֆիլմերը՝ «City Tour», «Ուժեղ զրնգոց եւ կրեմով տորթ» (Անդրեյ Տեոդորեսկու), «Նորավանք» (Ֆլորին Գեւորգյան), «Քաշմի կապոց», «Երբ մահն ուշանում է» (Արմինե Ոսկանյան), «Հաշտություն, հաշտություն», «Մեդիտացիա» (Անդրեյ Լեւոն Ինիզյան), ինչպես նաեւ ցուցադրվեց ամերիկյան «Խոստումը» ֆիլմը։ Թատերական մասում Բուխարեստի «Ռամպա» երիտասարդական թատերախումբը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի մոտիվներով «Տեղդմնացիրյան» (Staipelochian) գործը։ «Ծովի մակերեսի վրա» (Ստավոմիր Մրոզեկ) թատերական ներկայացմամբ հանդես եկավ «Գեւորգյան խումբը»։ Թատերական ներկայացումներ եւ այլ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպվեցին նաեւ երեխաների համար։

Երաժշտական մասում հրաշալի երեկո կազմակերպեց ռումինահայ հայտնի երգչուհի Կորինա Կիրիակը, հայկական անզուգական պարերը ներկայացրին Բուխարեստի «Վարդավառ» (պարուսույց՝ Բելա Մարտիկյան) եւ Գեռլայի «Հայաքաղաք» (պարուսույց՝ Էրիկա Էստեգար) պարախմբերը։ Դուդուկի վարպետ կատարումներով հանդես եկավ Կոսմին Ռաֆաել Բալեանը:

Փառատոնի անակնկալներից էր Վարդավառի կազմակերպումը քաղաքի կենտրոնում, ինչը նորություն էր բազմաթիվ ռումինացիների համար։

Այլ ազգային փոքրամասնությունները՝ հույներն ու գերմանացիները, նույնպես մասնակցեցին փառատոնին՝ ներկայանալով համապատասխանաբար «Արետի» պարային խմբով եւ «Zwel Mal Zwei» երգչախմբով։

Փառատոնի տպավորիչ պահերից էր սեպտեմբերի 1-ի երեկոյան Ռումինիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հրապարակային ցուցադրումը Եռագույնի հրապարակում։

ՌՀՄ Բակաուի մասնաճյուղի նախագահ Հակոբ Վասիլեն դրական է գնահատում փառատոնի անցկացումը․ «Փորձեցինք Բակաուի հասարակությանը երեք տոնական օր նվիրել՝ կապված հայկական ֆիլմի, թատրոնի, երաժշտության հետ եւ ոչ միայն։ Հրավիրեցինք Ռումինիայի հայ համայնքի հայտնի արտիստներին եւ խմբերին։ Առաջին անգամ մեր փառատոնի ընթացքում անցկացվեց «ջրային կռիվը»՝ Վարդավառը, որը մեծ արձագանք գտավ հատկապես երիտասարդների շրջանում»։

Փառատոնին բազմաթիվ հայեր էին ժամանել Ռումինիայի տարբեր քաղաքներից՝ Բուխարեստ, Կոնստանցա, Պիտեշտ, Յաշ, Թըրգու Օկնա, Բոտոշան, Ռոման, Կլուժ-Նապոկա, Գեռլա, Դումբրավեն, Բայա Մարե եւ այլն։ Փառատոնի ամբողջ ընթացքում հրապարակի ողջ երկայնքով գործում էին հայկական տաղավարներ, որոնք տեղացիներին առաջարկում էին հայ եւ հայերին առնչվող գրականություն, բազմազան ձեռագործ աշխատանքներ, հայկական սուրճ, տարբեր խաղեր երեխաների համար եւ այլն, ինչպես նաեւ գործում էր շուրջօրյա ցուցահանդես հայկական մոտիվներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում