Օպերային թատրոնի նոր խաղաշրջանի սկիզբն ազդարարվեց «Անուշ» օպերայով

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր խաղաշրջանն ավանդույթի համաձայն ազդարարվեց «Անուշ» օպերայով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նոր խաղաշրջանին կլինեն հետաքրքիր պրեմիերաներ:

«Այս սեզոնի վերջում կներկայացվի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Այն Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ մեր համագործակցության արդյունքն է: Համագործակցելու ենք աշխարհի տարբեր թատրոնների հետ: Առաջին համագործակցությունը հենց Մոսկվայում Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ է: Նրանք մեզ առաջարկել են 10 ներկայացում: Կերգեն Նունե Բադալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ կներկայացվի նաև մանկական ցուցադրություն՝ «Չիպոլինո» բալետը: Այն կազդարարի մանկական ցուցադրությունների սկիզբը: Կլինեն մանկական այլ ներկայացումներ ևս: Իսկ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացել է «Սասունցի Դավիթ» վիպապատմողական օպերայի պրեմիերան:

«Արցախի երաժշտական տարեգրության մեջ դարձյալ նոր էջ ենք բացել: Շուշիի Ռեալական ուսումնարանի տարածքում ծնունդ առավ հայ նշանավոր կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերան: Այն նվիրված է Արցախի և Հայաստանի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին»,- ասաց նախագծի հեղինակ, գեղարվեստակամ ղեկավար Սարինե Ավթանդիլյանը:

Նրա խոսքով` այս օպերայի ներկայացումը բացառիկ իրողություն է հայ իրականությունում: Այն առիթ էր Շուշիում համախմբելու բազմաթիվ ունկնդիրների: Ներկա էին բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Պրեմիերան իրականացավ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սեպտեմբերի 9-ին Ալ. Ստեփանյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ևս կկայանա «Սասունցի Դավիթ» օպերայի հայաստանյան առաջնախաղը երաժշտական ներկայացմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում