ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնի գնահատման արդյունքներով շուրջ 300 տնտեսավարողներ համարվել են ռիսկային

Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրեց, որ պետական եկամուտների կոմիտեն արդեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգերի միջոցով:

«Եկամուտների վարչարարության բարելավման հիմնական գործիքակազմ է ընտրված ռիսկերի վրա հիմնված գործիքների ներդրումը պետական եկամուտների համակարգում: Հայաստանի կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ որպես ռիսկերի բացահայտման հիմնական մեխանիզմ ընտրվելու է մոնիթորինգային կենտրոնը, որտեղ պետք է գնահատվեն տնտեսավարող սուբյեկտների ռիսկերը, դրանց իրատեսականությունը: Եթե արդյունքում կպարզվի, որ ռիսկերն առկա են, կիրականացվի համապատասխան հսկողական միջոցառումներ»,- ասաց Միրումյանը:

Միրումյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ բացվել է մոնիթորինգային կենտրոնը` ընդգծելով, որ արդեն այսօր կարող են ամփոփել մոնիթորինգային կենտրոնի երեք ամիսների գործունեության արդյունքները: «Մենք ունենք շուրջ 3 հազար տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ծանուցվել են մոնիթորինգի կենտրոնի կողմից: Մոնիթորինգային կենտրոնը հիմնականում գնահատում է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման և փաստաթղթերի դուրսգրման խախտման ռիսկերը: Պետք է նշեմ, որ մոնիթորինգի կենտրոնը միայն այս երկու ուղղություններով չի սահմանափակվելու: Առաջիկայում մենք ներդնելու ենք նոր ուղղություններ, սակայն այսօր ամփոփում ենք նշված երկու բաղադրիչները»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա մանրամասնեց, որ համակարգը հստակ ցույց է տալիս` տեսե՞լ է տնտեսավարող սուբյեկտը համապատասխան ծանուցումը, թե չի տեսել: Միրումյանի խոսքով` տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև արձագանքել և համաձայն չլինել այն ռիսկերի հետ, որոնք տեսել է մոնիթորինգի կենտրոնը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտների առարկությունները դառնում են քննարկման առարկա և առանձին գնահատվում է նրանց առարկությունների հիմնավորվածությունը: «Դրանից հետո համակարգը գնահատում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք թույլ են տվել վարքագծի կրկնակի խախտումներ, այսինքն` չեն փոխել իրենց վարքագիծը համապատասխան ծանուցումները ստանալուց հետո, որի հիման վրա մենք առանձնացնում ենք այս տնտեսավարող սուբյեկտներին և իրականացնում ենք առանձին վերահսկողական միջոցառումներ»,- պարզաբանեց Վախթանգ Միրումյանը:

Մոնիթորինգի կենտրոնի գործունեության ընթացքում շուրջ 300 տնտեսավարող սուբյեկտներ վեր են հանվել` որպես ռիսկային սուբյեկտներ, որոնք գտնվում են հարկային հսկողության տիրույթում: Նա հավելեց, որ առաջիկայում իրենք հնարավորություն կունենան ներկայացնել նաև այդ հսկողության արդյունքները: Միրումյանը նաև տեղեկացրեց, որ մոնիթորինգի կենտրոնի գնահատման արդյունքներով ռիսկային գնահատված շուրջ 300 տնտեսավարող սուբյեկտների թվում են և փոքր, և միջին և խոշոր տնտեսավարողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում